Ֆիլիպինների նախագահը մարտական ոգին բարձրացնելու համար զինվորներին թույլ է տվել մինչև 3 կին բռնաբարել
ՄիջազգայինՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, կրկին հայտնվել է լրատվամիջոցների քննադատության թիրախում:
Ինչպես նշում է Reuters-ը, Դուտերտեն, երկրի հարավում պատերազմական դրություն սահմանելուց հետո, ելույթ է ունեցել զինծառայողների առաջ ու կատակով ասել, որ նրանք կարող են մինչև 3 կին բռնաբարել: Նշվում է, որ Ֆիլիպինների նախագահն այսկերպ փորձել է բարձրացնել ահաբեկիչների դեմ պայքարող զինվորների մարտական ոգին:
«Եթե ձեզանից որևիցե մեկը որոշի 3 կնոջ բռնաբարել, ես անձամբ կստանձնեմ դրա պատասխանատվությունը: Ուղղակի արեք ձեր գործը, մնացածի մասին կհոգամ ես: Ինքնս ինձ կբանտարկեմ ու կխոստովանեմ, որ ես եմ դա արել»,- ասել է Դուտերտեն՝ ի նկատի ունենալով բռնաբարությունները:
Նշվում է, որ Ֆիլիպինների նախագահի հայտարարությունը քննադատողների շարքում են իրավապաշտպաններ, սոցկայքերի օգտատերեր, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Դուտերտեն պատերազմական դրություն է հայտարարել Մինդանաո կղզում, որտեղ կառավարական զորքերը կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ: