Թուրքական դատարանը վճռել է կալանավորել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորին
International newsԴիարբեքիրի դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բայդեմիրը մեղադրվում է Դիարբեքիրի քաղաքապետ լինելու ժամանակ՝ 2012 թվականին նահանգապետարանի դիմաց ոստիկաններին վիրավորելու մեջ: Բայդեմիրը նահանգապետարան էր գնացել մի խումբ պատգամավորների հետ՝ բողոքելու, որ իրենց արգելվել է ցույց իրականացնել Բաթըքենթ հրապարակում:
Դատախազը պահանջել է նրան 1-3 տարվա ազատազրկման դատապարտել:
Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։
Բայդեմիրը 2014 թվականին եկել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: