Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
ՔաղաքականՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 31-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցության, Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Երկուստեք շեշտվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները, այդ թվում Հորիզոն 2020, COSME ծրագրերին միանալը, Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցության և Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու շուրջ մեկնարկած բանակցությունները:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստան-Եվրոպական միություն 2017-2020թթ. ժամանակահատվածի համար Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթին՝ նշելով, որ դրանք հարաբերությունների զարգացման լավ հիմք են հանդիսանում։ Կարևորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի շուրջ որոշման նախատեսվող ընդունումը:
Եվրոպական երկրների հատուկ բանագնացները բարձր են գնահատել Հայաստանի կառուցողական և ակտիվ ներգրավվածությունը Արևլյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող գործընթացներում։