Հայաստանը շարունակելու է պայքարն Արցախի անկախության միջազգային ճանաչման համար. Շարմազանով
ՔաղաքականՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել «Ազգային գաղափարախոսության արդիականությունը» թեմատիկ դասախոսությամբ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը նոր սերնդի դաստիարակության հարցում կարևորել է ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու տարածումը: Թեմատիկ դասախոսությունից հետո «Անդրանիկ Մարգարյան»-ի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ փոխնախագահին:
«Այսօր մեր ազգային ներուժը պետք է կենտրոնանա ուժեղ Հայաստանի Հանրապետության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արցախի հարցի հայանպաստ ու արդարացի լուծման վրա: Մենք շարունակելու ենք պայքարն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման համար եւ վճռական ենք բոլոր խորհրդարանական վեհաժողովներում՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Ստրասբուրգ, Ժնեւից մինչեւ Աթենք, պաշտպանելու Արցախի քաղաքացիների ազգային ու պետական շահը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: