«Սեփականաշնորհել չի նշանակում, որ պետությունը ձեռքերը լվանում է». Վահրամ Բաղդասարյան
ՔաղաքականԻնչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ-ում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը, որին ՀՀԿ-ն կողմ քվեարկեց: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վահրամ Բաղդասրյանը, ով նշեց, որ այս մասնավորեցման ծրագիրը 90-ականների վայրի եւ հապշտապ սեփականաշնորհումը չէ, երբ պետությունն ի վիճակի չէր ղեկավարել այդ ձեռնարկությունները ու վաճառքի հանեց Խորհրդային միությունից ժառանգածը, եւ ծանր հետեւանքների ականատես եղանք:
«Այս սկզբունքն այլեւս հնարավոր չէ, որ աշխատի: Սեփականաշնորհել չի նշանակում, որ պետությունը ձեռքերը լվանում է, առավել եւս այն ձեռնարկությունների դեպքում, որոնք ունեն կարեւոր նշանակություն»,- ասաց նա՝ հարց հնչեցնելով արդյո՞ք այսօր մեր պետությունն ի վիճակի է առողջապահական համակարգի հիվանդանոցներն իր ներդրումային ցանցով հասցնել եվրոպական ստանդարտների, եւ պատասխանեց՝ իհարկե, չի կարող: Ըստ նրա` հենց մասնավոր ներդրումներով են ձգտում հասնել անհրաժեշտ արդիականացման:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե անընդհատ հարցնում են` ո՞վ է ավելի լավ կառավարիչ՝ պետությո՞ւնը, թե՞ մասնավորը: «Ինձ թվում է շուկայական տնտեսության պարագայում առավելությունը մասնավորինն է»,- ասաց նա եւ հիշեցրեց, որ եթե անկախության տարիներից շուկայական տնտեսության ենք գնում, ուրեմն պետք է հետեւողական լինենք այդ քաղաքականությանը: