Ոչնչի չհավատալով ակնկալիքներ չեք կարող ունենալ. Գալուստ Սահակյանը՝ ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին
ПолитикаԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախորդ գումարման խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին հավատալ ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեությանը և նոր միայն ակնկալիքներ ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հակակոռուպցիան հանձնաժողով ձևավորելու՝ Ազգային ժողովի որոշմանը, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ իր գործընկերները մանրամասն խոսել են այդ մասին, որին ինքն ավելացնելու ոչինչ չունի:
Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ մարմինը նոր բեռ չի լինի հարկատուների վրա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախ հավատացեք, որ ակնկալիքներ ունենաք: Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ չեք կարող ունենալ»:
Պատգամավորին դուր չեկավ հարցը, թե կլինե՞ն «խոշոր գործիչներ», ովքեր կպատժվեն հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման հետևանքով. «Դրանք մանր, փոքր հարցեր են: Նոր պատգամավորներ են եկել, այդ հարցերը նրանց տվեք»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսդրական փաթեթին միաձայն կողմ է քվեարկել 92 պատգամավոր: