Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
ՔաղաքականԻսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին բանաձև է ընդունել, որով ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես հայտնում է Valencia Extra-ն, Վալենսիայի «Արարատ» հայկական միության բանաձևի քվեարկության էր ներկայացրել Բերտո Խարամիլոն: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին քվեարկել են «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և «Սոցիալիստական» կուսակցությունները` դատապարտելով 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը և կոչ անելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել իսպանական Սուեկա քաղաքը, որը ընդգրկված է Վալենսիա ինքնավար համայնքի կազմում: Ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի 5 ինքնավար մարզերը` Բասկյան երկիրը, Կատալոնիան, Բալեարյան կղզիները, Նավարան և Արագոնը, ինչպես նաև 24 քաղաքներ` Միսլատան, Բուրխասոտը, Բետերան, Չիրիվելյան, Մանիսեսը, Սիլյան, Ալդայան, Ալսիրան, Կարկախենտը, Էլդան, Ալակուասը, Պայպորտան, Ալիկանտեն, Տոռենտը, Սանտա Կոլոման, Պինտոն, Սանտա Մարգարիտան, Սան Սեբաստիանը, Պուենտե Խենիլը, Լա Ռոդա դե Անդալուսիա, Բենալմադենան, Մերիդա, Մալագան և Սաբադելը: