ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցչի առաջարկն ընդունվել է
PoliticsԱյսօր խորհրդարանում բուռն քննարկվել է ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին», ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Հիմնական զեկուցողն էր ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Հիմնական զեկուցողը առաջարկում էր հավանություն տալ այն նախագծերին, որոնց մեկնարկը տրվել էր դեռևս 3 տարի առաջ: Դրանք վերաբերում են հանրապետության մի շարք մարզերում վարչատարածքային փոփոխություններին, որոնք տեղի են ունենալու համայնքների խոշորացման ձևով: Ըստ հիմնական զեկուցողի, համայնքների խոշորացման գործընթացը ավելի արդյունավետ է դարձնում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը. «Մենք ունենք արդեն իսկ 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ միավորված են 140 համայնքներ: Այս փաթեթով մենք առաջարկում ենք ձեւավորել թվով 34՝ ավելի ընդգրկուն համայնքներ, որում տեղ կգտնեն 328 համայնքներ»:
Զեկուցողը խոսեց նաեւ համայնքների խոշորացման գործընթացի, ինչպես նաև նախագծի դրական կողմերի մասին, միաժամանակ անդրադառնալով նաև ծրագրի ավարտից հետո անցկացվելիք ընտրությունների գործընթացին: Օրենքում կատարվելիք փոփոխությունները ներկայացնելուց հետո սկսված մտքերի փոխանակության ժամանակ հիմնական զեկուցողին հարցեր տալու համար հերթագրվեցին երկու տասնյակից ավելի պատգամավորներ: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը, հարց ուղղելով հիմնական զեկուցող Վ. Տերտերյանին, նշեց, որ խորհրդարանի հավանությանն արժանանալուց առաջ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի 11 կոմպակտ բնակավայրերը, որտեղ ապրում են բացառապես ազգային փոքրամասնություններ, նախագծով գտնվում են մեկ փնջային տիրույթում, սակայն ըստ այդ նախագծի, Սադունց համայնքը միացել է Ծաղկահովիտին: Ըստ պատգամավորի, խոշորացման գործընթացի փուլում Սադունց համայնքը դուրս է մնացել այն փնջային խմբից, որը, ըստ էության, կա: Ռ. Մախմուդյանն ընդգծեց, որ նշված խնդիրը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, եւ որ այն պետք է դիտարկել որպես ՀՀ Կառավարությանն արված առաջարկ նաև խմբակցության կողմից:
Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե ինչ տրամաբանությամբ է տվյալ տարածաշրջանից գյուղերից ընդամենը մեկը՝ Մելիք գյուղը, դուրս մնացել խոշորացման ծրագրից: Մախմուդյանի ձեւակերմամբ, տվյալ գյուղը փաստացի մնալու է որպես միայնակ համայնք: Պատգամավորը խնդրեց ներկայացնել նաեւ համայանքների խոշորացման պիլոտային փուլում մինչ օրս արձանագրված ձեռքբերումներն ու արդյունավետության մակարդակը:
Հնչեցված հարցերին ի պատասխան՝ Վ. Տերտերյանը նշեց. «Սկսեմ ամենակարեւոր հարցից, Սադունցը մենք հիշում ենք, այդ հարցը լուծման տարբերակ ունի եւ մենք հարցը ներկայացրել ենք էսպես, քանի որ այն այդ փնջում ներգավելու համար որոշակի փոփոխություն պետք է կատարենք նկարագրի վարչատարածքային սահմաններում, որպեսզի կարողանանք իրար հետ թղթակցվել: Համարեք, որ այդ հարցը լուծված է: Ինչ վերաբերում է Մելիք գյուղին, ապա այս պարագայում մենք ձեռնպահ ենք մնացել Ձեր տված հարցի ճիտ հակառակ թեզով, որովհետեւ այն առանձին գյուղ է ու մենք այս պարագայում որեւէ կերպ չենք ցանկացել այն միացնել մեր մյուս համայնքներին: Մենք պարզապես այլ տարբերակ չենք ունեցել: Սադունցի հարցը տեխնիկական է մենք նկարագրում փոփոխություն կանենք»,- վստահեցրեց Տերտերյանը՝ հավելելով, որ համայնքների խոշորացման ծրագրի ավարտից հետո Մելիք գյուղի խնդրով կրկին կներկայանան: