ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՍԴ-ում կվիճարկեն Վանաձորի ավագանու որոշումների սահմանադրականությունը
ՔաղաքականԱզգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները Սահմանադրական դատարանում կվիճարկեն ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով Վանաձորի ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:
«ՀՀ Ազգային ժողովի 26 պատգամավորներ ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, սույն թվականի մարտից սկսած, լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները վիճարկում են նաև այս որոշումների սահմանադրականությունը: Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: