Համանախագահները վերլուծելով այս իրավիճակը, եկել են համոզման, որ ժամանակն է վերսկսելու բանակցային գործընթացը. Արամ Սաֆարյան
PoliticsԼՂ հակամարտությունն այնքան խորը փակուղի է մտել ադբեջանական իշխանությունների ապակառուցողական գործողությունների արդյունքում, որ հիմա շատ դժվար է տրամաբանական ելքեր գտնել, ինչը սակայն փորձում են անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ անդրադառնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 10-ին Հայաստան կատարելիք այցին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 10-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակում մտադիր են հստակեցնել իրադրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Ելքեր այդուամենայնիվ կան, որովհետև տարբեր երկրների փորձագետները նշում են, որ դա նախևառաջ բարի կամքի դրսևորումն է՝ վերսկսելու բանակցային գործընթացը, այսինքն՝ հանդիպեցնելու իրար երկու երկրների արտգործանախարաներին, պայմաններ ստեղծելու երկու նախագահների հանդիպումները վերսկսելու համար, օրակարգ ձևավորել, վստահությանն ուղղված միջոցառումների իրակացում սկսել, և այլն, և այլն»,-ասաց նա:
Մինչդեռ ըստ Սաֆարյանի՝ դրանք տեխնիկական հարցեր են. «Ամենակարևոր հարցը, որն այսօր կա, այն է, որ մենք ասում ենք՝ Ադրբեջանի մեղքով է, որ Կազանի հանդիպումից հետո հարցը մտել է փակուղի և պատերազմական գործողությունների վերսկսման արդյունքում է ատելության, թշնամության, հայատյացության աննախադեպ չափն ավելացել, որի քարոզչություն է տարածվում Ադրբեջանում, իսկ Ադրբեջանի քարոզչությունն էլ ասում է, թե ՀՀ-ն ու ԼՂՀ-ն են մեղավոր բանակցությունները ձախողելու մեջ: Դա ապակառուցողական մթնոլորտ է և ոչ մի ուղղությամբ չի տանում»:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահը ենթադրում է, որ համանախագահները վերլուծելով այս իրավիճակը, քննարկելով կողմերի կոմպետենտ ներկայացուցիչների հետ՝ եկել են այն եզրակացության, որ ժամանակն է վերսկսելու բանակցային գործընթացը՝ ինչ-որ փոփոխությունների շուրջ վերլուծելու համար: «Ես ճիշտն ասած լավատես եմ, կարծում եմ, որ այս բացասական ալիքը և մթնոլորտը, որի մեջ ադրբեջանական գործողությունների արդյունքում հայտնվեցինք վերջին տարիներին, ավելի խորացրեցին իրավիճակը, դրանից ավելի խորը արդեն ոչնչացման կամ ինքնաոչնչացման ճանապարհն է: Ես կարծում եմ բանականությունը կհաղթի, կառուցողական հունի մեջ կմտնի բանակցային գործընթացը, մնացածն արդեն կերևա»,-ասաց նա:
Բանակցային գործընթաի վերսկսման դեպքում նույնիսկ Արամ Սաֆարյանը նշեց, թե չպետք է որևէ պատրանք ունենալ, որ Ադրբեջանը միակողմանիորեն մեղմելու է իր դավադիր քաղաքականությունը: «Զուգահեռ բանակցելով հանուն խաղաղության, և խաղաղ լուծման փնտրտունքից բացի մենք պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանության, եթե մեր ինքնապաշտպանական հավաքական բնազդը չաշխատեց և մենք մեզ պաշտպանեու հնարավորություններ չգտանք՝ ապավինել ինչ-որ մեկի բարի կամքին, կամ Ադրբեջանի կողմից մեր նկատմամբ քաղաքականության մեղմացմանը՝ բացարձակապես անիմաստ է: Ամեն օր պատրաստվելով պատերազմի՝ մենք ճանապարհ ենք հարթում խաղաղ, առողջ պետականության ստեղծման համար»,-ասաց նա: