Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
ՔաղաքականԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը: Նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու նիստում հանդիսավոր երդմամբ ստանձնեց քաղաքապետի լիազորությունները:
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ. Երևանի քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, անձնվիրաբար և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս ամբողջ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն ազնիվ նախաձեռնության, որը նպաստ կբերի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ընդգծեց Տարոն Մարգարյանը:
Երևանի պատմության թանգարանից Երևանի քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան Տարոն Մարգարյանին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը:
Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը: