Աննա Ստեփանյանն առաջին անգամ խոսել է Երևանի քաղաքապետարանի վերջին աղմկահարույց նշանակման մասին
PoliticsԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը խոստանում է իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են կրթական համակարգի վիճակը բարելավելու համար: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Աննա Ստեփանյանն ընդգծեց, որ կրթական համակարգում դեռևս կան խնդիրներ և դժվարություններ: «Եվ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրականացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ կլինեն ոլորտը բարելավելու, առկա խնդիրները լուծելու համար»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ իշխանությունները, նոր պաշտոնում իրեն նշանակելով, շնորհակալություն են հայտնել Երևանի ավագանու ընտրություններում կատարած աշխատանքի համար: «Իմ կրթական գործունեության ընթացքում ես այնքան մաքուր եմ աշխատել, որ կարիք չեմ ունեցել նման շնորհակալության։ Սա մեծ պարտավորվածություն և պատասխանատվություն է, որի առաջ կանգնել եմ»,- նշեց Ստեփանյանը։
Խոսելով այն մանկավարժների մասին, ովքեր՝ ըստ մամուլի հրապարակումների խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայներ են հավաքել Հանրապետական կուսակցության համար, Աննա Ստեփանյանն ասաց. «Կարծում եմ, որ կրթական համակարգի ներկայացուցիչները պետք է քաղաքականացված չլինեն։ Վստահեցնում եմ, որ եթե մարդիկ աշխատանքից հետո ունեցել են իրենց գործունեությունն այս նպատակով, ապա դա որևէ կերպ չի անդրադարձել կրթական համակարգի վրա»։
Աննա Ստեփանյանը հերքեց նաև մամուլի հրապարակումներն այն մասին, թե ինքը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կեղծ դիտորդ է եղել: