Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ իր նախորդի կադրերից ազատվելու խնդիր չունի
ՔաղաքականԱրդարադատության նախարարությունում ոչ ոք հին կադրերի զտում չի իրականացնում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, միաժամանակ հերքելով, թե ազատվում է իր նախորդի՝ Արփինե Հովհաննիսյանի նշանակած կադրերից։ «Պաշտոնից իսկապես ազատվել է նախարարության գլխավոր հաշվապահը, սակայն այլ պատճառներով, որոնք կապ չունեն ղեկավարության փոխվելու հետ: Կադրային զտում և նման ծրագրեր չկան»,- Արմենպեսի հաղորդմամբ, ընդգծեց Հարությունյանը:
Արդարադատության նախարարությունում փոփոխություններ կատարելու մասին լուրեր շրջանառվել են ԶԼՄ-ներում, ըստ որոնց, այստեղ կադրային և մնացած որոշումները կայացնում է նախարարի նորանշանակ խորհրդական, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար -նախարարի տեղակալ Նունե Խաչատրյանը: