Ամերիկացի ուսանողը մահացել Է ԿԺԴՀ-ից վերադառնալուց հետո
ՄիջազգայինԱմերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը կոմայում մահացել Է Հյուսիսային Կորեայից վերադառնալուց հետո, որտեղ նրան դատապարտել Էին «հակապետական արարքների» համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Հայտնի Է դարձել, որ 22-ամյա ուսանողը կոմայի մեջ Է եղել մեկ տարվա ընթացքում: Հյուսիսկորեացի բժիշկները պնդում են, թե կոմայի պատճառ են դարձել բոտուլիզմը եւ քնաբերը: Նրանց ամերիկացի գործընկերներն ախտորոշումը հարցականի տակ են դնում:
Վոմբիերը ԿԺԴՀ Էր ժամանել որպես զբոսաշրջիկ: Նա փորձել Է հյուրանոցի պատից պոկել քաղաքական պլակատը: Դատարանում նա խոստովանել Է իր մեղքը եւ 15 տարվա ազատազրկման Է դատապարտվել «կորեացի ժողովրդի միասնությունը խախտելու փորձի» համար:
Պետդեպարտամենտի մասնակցությամբ հունիսի 13-ին նրան ազատ են արձակել եւ ուղարկել տուն:
ԱՄՆ-ի վարչակազմում Փենյանի վրա են բարդել ամերիկացի ուսանողի մահվան պատասխանատվությունը: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ «անմեղ մարդիկ» են դառնում այն վարչակարգերի զոհերը, որոնք «չեն հարգում օրենքի գերակայությունը եւ մարդկային տարրական ազնվությունը»: «ԱՄՆ-ը կրկին դատապարտում Է հյուսիսկորեական վարչակարգի դաժանությունը»,- ընդգծել Է Թրամփը: Իր հերթին, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել Է, որ «Հյուսիսային Կորեան Է կրում Օտտո Վոմբիերի անարդարացի բանտարկության պատասխանատվությունը»: Նա պահանջել Է ազատ արձակել մյուս երեք ամերիկացիներին, որոնք «անօրինականորեն են կալանավորվել», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: