Գեղարքունիքի մարզպետը համագործակցության է հրավիրում մարզի հասարակական կազմակերպություններին
ՀասարակությունԳեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ընդունելով մարզի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է՝ լայն համագործակցություն հաստատելու հասարակական կազմակերպությունների հետ, աջակցելու նրանց ամենատարբեր խնդիրներում ու ծրագրերում:
Հանդիպման սկզբում մարզպետ Կարեն Բոթոյանը ծանոթացավ հասարակական կազմակերպությունների ծավալած գործունեությանը, նրանց նախաձեռնություններին ու խնդիրներին: Ապա մարզպետը , կարեւորելով հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակության կայացման, ինչպես նաեւ հանրային կառավարման ոլորտում, նշեց, որ դեռեւս շատ խնդիրներ կան մարզում, որոնց լուծումն առանց նրանց ակտիվ ներգրավման դժվար է պատկերացնել։
«Մենք բազմաթիվ ծրագրեր ենք ուզում իրականացնել հանրային սեկտորում, ուստ եւ ձեզանից ակնկալում եմ լայն համագործակցություն: Մենք բաց ու թափանցիկ, հասանելի ենք լինելու բոլորի համար:
Կարող եք մեզ դիմել ամենատարբեր խնդիրներով ու առաջարկներով: Մենք էլ կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում լուծում տալ բարձրացված հիմնախնդիրներին, աջակցել ձեզ ձեր ձեռնարկներում»,- հավաստեց մարզպետ Կարեն Բոթոյանը եւ խոստացավ նման ձեւաչափի հանդիպումներ հրավիրել հաճախակի։