Մադրիդում ահաբեկչական գործունեության կասկածանքով ձերբակալվել է 3 մարդ, այդ թվում՝ ԻՊ-ի 32-ամյա անդամ
ՄիջազգայինԻսպանիայի ազգային ոստիկանությունն ահաբեկչական գործունեության կասկածանքով ձերբակալել է երեք մարդու, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսպանիայի մայրաքաղաքում բնակվող, ծագումով Մարոկկոյից 32-ամյա տղամարդը «չափազանց մեծ վտանգ է ներկայացնում՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում վերջին ահաբեկչություններին ներգրավվածների պես վտանգ, և դիտարկվում է որպես երկրի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիք», ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Մասնավորապես՝ այդ մարդն ԻՊ-ի հետ կապված տեղեկատվություն է հավաքել: Ոստիկանությունը կարողացել է սոցիալական ցանցերով պարզել նրա կապերը Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի գրոհայինների հետ: Բացի այդ, նա փորձել է անդամագրել Իսպանիայում ապրող իր ծանոթներին:
Ոստիկանությունը ձերբակալել է գլխավոր կասկածյալի հետ միասին ապրող ևս երկու մարդու, նրանք նույնպես ծնունդով Մարոկկոյից են՝ 38 և 33 տարեկան: Չի բացառվում, որ հիմնական կասկածյալը փորձել է նրանց ներգրավել ահաբեկչական գործունեության մեջ: