«Ինչքան ինֆարկտ եղավ գյուղում, գյուղնախարարն է պատասխան տալու». Սեյրան Սարոյան
ՀասարակությունԱյսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված ծրագիրը։ Քննարկման սկզբում դիմելով վարչապետին՝ հարց հնչեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը. «Տեսաք` կարկուտն ի՞նչ արեց, մոտ 11 համայնքներ ուղղակի ավիրեց, 7 գյուղ ամեն ինչից զրկված են: Գյուղացիներին պետք է օգնել, թե չէ սաղ կթողեն, կգնան Ռուսաստան։ Կարկուտը թուրքից բեթար ա, թուրքի դեմ կարում ենք պայքարենք, բայց կարկուտի դեմ չի ստացվում: Ռեալ իմ հաշվարկներով էդ գյուղերը ոչինչ չունեն, բանկերը էնպիսի վիճակում են դրել գյուղացուն, որ էլ վկա էլ չկա, սաղ իրար վկա են կանգնել: Էդ էլ նոր բան ա` պիտի իրար վկա կանգնեն, որ վարկ տան: Պիտի օգնենք գյուղացիներին, ի՞նչ անենք, երեւի նոր թնդանոթ պիտի բերենք»,-ասաց Սարոյանը:
Ըստ պատգամավորի՝ գործող հակակարկտային կայաններն այնքան էլ արդյունավետ չեն. «Ոնց որ էթանք կռիվ ու ավտոմատի փոխարեն պիստալետ վերցնենք, դրա համար նոր թնդանոթներ են պետք դնել: Գյուղացու հոգեբանությունն ա, ասում ա` կարկուտ չլինի, լավ բերք կտա: Գյուղացին կմեռնի, եկեք մի բան անենք, ինչքան ինֆարկտ եղավ` գյուղնախարարն ա պատասխան տալու դրա համար»:
Հնչեցված մտահոգություններին ի պատասխան՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ երեկ եղել է խորհրդակցություն, եւ տուժած գյուղացիների վնասները փոխհատուցելու տարբերակներ են քննարկել: