ԿԸՀ-ն մերժեց դիտորդների կողմից տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ներկայացված դիմումները
ՔաղաքականԿենտրոնական ընտրական հանձնաժողովի գումարած արտահերթ նիստում քննարկվեցին «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների և նշված կազմակերպությունների դիտորդների կողմից մի շարք տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ներկայացված դիմումները։ Ըստ բողոքի՝ պահանջվում էր անվավեր ճանաչել թիվ 8/12, 8/1, 8/34, 8/16, 8/13, 8/36, 8/61 և այլ ընտրական տեղամասերի որոշումները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայնորեն որոշում կայացրեց մերժել վերոնշյալ դիմումները՝ եզրակացնելով, որ դրանք անվավեր ճանաչելու հիմքեր չկան:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ դիմումները քննարկվել են տարածքային ընտրական հանձնաժողովներում, ապա հետագայում բողոքներ էին եղել ԿԸՀ-ում, որը հայտնաբերելով թերությունները՝ կատարված վարչական վարույթի շրջանակում արտահայտել է իր իրավական դիրքորոշումը:
«Բավարարելով բողոքները՝ այդ որոշումները անվավեր էին ճանաչվել, տարածքային հանձնաժողովները նոր քննություն էի իրականացրել եւ ներկայացրել էին համապատասխան որոշումներ, իսկ այժմ բողոքարկման վարույթի շրջանակում մենք քննարկում էինք այդ որոշումերի իրավաչափությունը: Հանձնաժողովը եկավ այն դիրքորոշման, որ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները իրավաչափ էին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: