ՌԴ-ում դատարանը երկարաձգել է հայ գործարարի կալանքը
ОбществоՄոսկվայի Պերսնենսկի դատարանը վճռել է մինչեւ օգոստոսի 24-ը երկարաձգել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի կալանքը, որն անցյալ տարվա ամռանը «Սիթիբանկ»-ի Մոսկվայի մասնաճյուղում մարդկանց էր պատանդ վերցրել, դատարանի դահլիճից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քննության միջնորդությունը բավարարել, Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 24-ը», -ասել է դատավորը։
Միջնորդությունը հիմնավորելիս քննիչը պնդել է, որ քրեական գործը հատուկ բարդություն ունի, սակայն դատավորից նկատողություն է ստացել նախաքննությունը երկարաձգելու պատճառով։
Պետրոսյանը հայտարարել է, որ պատանդառման մեջ իրեն մեղավոր է ճանաչում, իսկ ահաբեկչության սպառնալիքի մեջ՝ ոչ։
Նշենք, որ Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության եւ մարդկանց պատանդ վերցնելու մեջ։
2016 թվականի օգոստոսին Պետրոսյանը Մոսկվայի «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում 4 մարդու է պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել բանկը։ Սակայն հետո տղամարդը բաց է թողել պատանդներին ու հանձնվել իրավապահներին։