Շշով կտամ, պոդյեզդի մակարդակ ես ուզում, եկեք գնանք, խոսենք. հերթական «ռազբորկան» օրենսդիր մարմնում
ՀասարակությունԱյսօր ՀՀ Կառավարության 2017-2022 թթ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթը բավական թեժ վեճի պատճառ դարձավ: Վեճը սկսվեց այն բանից հետո, երբ Վահրամ Բաղդասարյանը հիշեց դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ելույթը։
«Այստեղ բավական հետաքրքիր, իրոնիայով, հեգնանքով խոսակցություններ եղան, ընդ որում՝ նորաթուխ քաղաքական գործիչների կողմից։ Ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի ելույթի պոդյեզդի պատմությունը։ Խնդրում եմ՝ հեգնանքով խոսող քաղաքական գործիչները, որոնք փորձառու վարչապետի կամ կառավարության մասին խոսում են հեգնանքով, հիշեն այդ պոդյեզդի պատմությունը»,-ասաց նա։
Վահրամ Բաղդասարյանի խոսքից բորբոքված «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղից սկսեց գոռգոռալ:
Վահրամ Բաղդասարյանը փորձեց հանգստացնել. «Դու նորաթուխ չես, բավականին փորձառու ես»:
Նման արձագանքից Նիկոլ Փաշինյանն էլ ավելի բորբոքվեց. «Իմ մասին էդ տոնով չխոսաս…շշով կտամ… պոդյեզդի մակարդակ ես ուզում, եկեք գնանք, խոսենք»:
«Նիկոլ քո մասին չի, ինչի՞ ես քո վրա վերցնում»,-ասաց Բաղդասարյանը՝ պարզաբանելով, որ խոսքն ամենեւին էլ Փաշինյանին չէր վերաբերում. «Քեզ չէր վերաբերում…Լավ, քո մասին ա, կարգի հրավիրեք էս երիտասարդին»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ տեսնելով, որ ընդդիմադիր պատգամավորը շարունակում է տեղից գոռալ։
Ի դեպ, վերջին խոսքը հենց ընդդիմադիր պատգամավորինը եղավ. «Երիտասարդը դու ես»,-պատասխանեց Փաշինյանը։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վարման կարգից չշեղվելու հորդորը չօգնեց, և ԱԺ-ն բուռն վեճով ընդունեց կառավարության ծրագիրը:
Սոսե Չանդոյան