Բաբլոյանը` ԱԺ-ում պաշտոնացավը բուժելու անհաջող փորձերի մասին
ՔաղաքականԱԺ-ում կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանn իր ելույթը սկսեց բավական հետաքրքիր, համենայն դեպս, ոչ քաղաքական բառապաշարով. «Ցավում եմ, որ այսքան ժամանակ վատնեցինք` պաշտոնացավն այստեղ բուժելու կամ խորացնելու»:
Նա նշեց, թե ուզում է ներողություն խնդրել ժողովրդից, որ ԱԺ նախագահ լինելով՝ ունի մարդիկ, ովքեր, ժողովրդի ծրագիրը, բարեկեցությունը, անվտանգությունը մի կողմ թողնելով, մտածում են` ով ինչ պաշտոն է ստանձնելու:
«Հավանական է` ինձ էլ հարցնեն, թե շարունակելու եմ 2018-ին ԱԺ նախագահի պաշտոնավարումը, ես կարող եմ ասել` շարունակելու եմ լինել իմ ժողովրդի ծառան, եւ կանեմ այն, ինչ արել եմ մինչեւ հիմա: Կաշխատեմ այնտեղ, որտեղ պիտանի կլինեմ: Բոլորիս նպատակն է ստեղծել զարգացած, արդար եւ անվտանգ պետություն, որտեղ մեր քաղաքացիները կկարողանան աշխատել, ստեղծագործել ու իրականացնել իրենց երազանքները»,-ասաց Բաբլոյանը՝ հավելելով, որ նույնիսկ ամենահաջող ծրագիրը չի կարող կյանքի կոչվել, եթե դրա տողերի միջեւ հոգատարություն չլինի քաղաքացու նկատմամբ:
ԱԺ նախագահը հավաստիացրեց, թե կարեւոր է անվտանգության գործոնը, քանի որ ունենք արկածախնդիր հարեւաններ, ովքեր այդպես էլ չեն հրաժարվում Արցախի հարցն ուժային ճանապարհով լուծելու մտադրությունից: «Անվտանգ Հայաստան ասելիս` մենք կարեւորում ենք ոչ միայն արտաքին, այլեւ ներքին անվտանգությունը: Պետությունը չի կարող ամուր լինել, եթե քաղաքացին անվտանգ չի իրեն զգում»,-ասաց Բաբլոյանը:
Ըստ նրա` կառավարությունը, ներկայացնելով նոր ծրագիրը, փաստում է, որ պատրաստ է ապահովել տնտեսական աճ, ստեղծել նոր աշխատատեղեր: