Հայաստանում եւ Արցախում դիմորդները հանձնում են միասնական վերջին քննությունը
ՀասարակությունՀայաստանում եւ Արցախում հունիսի 23-ին ժամը 9.30-ին, մեկնարկել է առաջին փուլի վերջին միասնական քննությունը` Ռուսաց լեզու առարկայից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն ասաց, որ Ռուսաց լեզվի քննությանը պետք է մասնակցեր 547 դիմորդ: «Քննությունը մեկնարկել է ճիշտ ժամանակին: Հայաստանում գործում է 12, Արցախում՝ 1 քննական կենտրոն»,-ասաց նա:
Արա Իսպիրյանի խոսքով`քննական երկրորդ փուլի համար դիմումները կընդունվեն մինչեւ հուլիսի 1-ը: Երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ից 8-ը:
ԳԹԿ տնօրենն ասաց, որ արդեն հայտնի են Հայոց պատմություն եւ քիմիա առարկայից միասնական քննության արդյունքները: «Հայոց պատմության քննությանը մասնակցել է 1167 դիմորդ: Միջին միավոր է ստացել քննությանը մասնակից դիմորդների 12.18 տոկոսը, անբավարար է ստացել 16.5 տոկոսը: Առավելագույն 20 միավոր է ստացել 35 դիմորդ»,-ասաց նա:
Քիմիա առարկայի միասնական քննությանը մասնակցել է 928 դիմորդ: Նրանցից միջին միավոր ստացել է 13.1 տոկոսը, անբավարար 15.5 տոկոսը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է քննությանը մասնակից 44 դիմորդ: