Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում
ՀասարակությունORER.am-ի հաղորդմամբ՝ այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում բանաստեղծ Աշոտ Թովմասյանը լրագրողներին ներկայացրեց ՀՀ օրհներգի իր երեք տարբերակները:
Ինչպես զրույցի ժամանակ նշեց բանաստեղծը, ներկայիս օրհներգի երաժշտության փոփոխության կարիքը ինքը չի տեսնում: Նա Կանաչյանի երաժշտության հիման վրա գրել է 3 տնից բաղկացած «Համայն աշխարհի յուրայիներին» անվանումով օրհներգ:
Բանաստեղծն տողերի մեջ հայ բառը գրել է մեծատառերով:
««ՀԱՅ» բառը օրհներգի մեջ ընդգծելով՝ նկատի ունեմ ոչ միայն հայերին, այլեւ այն մարդկանց, որոնք խաղաղասեր են, ունեն օրինական վարքագիծ եւ բացառում են պատերազմները: Թող լինի ճապոնացի, գերմանացի, չինացի, ով որ ընդունում է խաղաղությունը, նա է իմ ասած ՀԱՅ-ը»,- պարզաբանում է Աշոտ Թովմասյանը:
Նշենք, որ բանաստեղծին դուր չի գալիս ներկայիս հիմնի հետեւյալ տողերը՝ «Յուր որդիքդ արդ կանչում են ազատ, անկախ Հայաստան»:
«Միքայել Նալբանդյանը՝ հեղափոխական մեծ դեմոկրատը, շատ լավ է գրել, իր ժամանակին համապատասխան, բայց այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությունը այնպիսին է, որ մեր օրհներգը ժամանակի հետ չի համապատասխանում»,- կարծում է բանախոսը:
Բանաստեղծի առաջարկած մեկ այլ տարբերակում էլ օրհներգը անվանվում է «Ժպտա Հայաստան, ժպտա», որը նա գրել է դեռեւս 1983 թվականին: