Վրաստանում ավարտվել է խոշորագույն մասնավոր ՀԷԿ-ի շինարարությունը
ՄիջազգայինՎրաստանում ավարտվել է վերջին 50 տարիների խոշորագույն ՀԷԿ-ի շինարարությունը՝ բարձրլեռնային Աջարիայում այսօր կայացել է «Շուախեվի ՀԷԿ»ի բացումը, ասվում է կառավարության աշխատակազմի կայքում, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։
«Շուախեվի ՀԷԿ»-ի նախատեսված հզորությունը կազմում է 187 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 450 մլն ԿՎտ/ժ։ Նախագծի շրջանակում կառուցվել է երկու ամբարտակ ու երկու ջրամբար։ Նախագծի ընդհանուր արժողությունը կազմել է 416 մլն դոլար։ Շինարարությունն իրականացրել է «Անջարիսցկալի Ջորջիա» համատեղ ձեռնարկությունը, որը հիմնել են հնդկական Tata Power ու նորվեգական Clean Energy Invest ընկերությունները։
«Յուրաքանչյուր նախագիծ էներգետիկայի ոլորտում, յուրաքանչյուր նոր մեգավատ քայլառաջ է մեր երկրի էներգետիկ անվտանգության ու դրա ուժեղացման ճանապարհին։ Մեր գլխավոր խնդիրն է փոխարինել ներմուծվող էներգետիկ ռեսուրսները տեղում արտադրվող էլեկտրաէներգիայով»,- բացման արարողության ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Վարչապետը նշել է, որ «Շուախեվի ՀԷԿ»-ը յուրահատուկ նախագիծ է, քանի որ դա Վրաստանի առաջին ՀԷԿ-ն է, որն ունի ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային հռչակագրի հավաստագիր, որը ենթադրում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատում։
«Շուախեվի ՀԷԿ» նախագիծը Վրաստանի առաջին մասնավոր ներդրումային նախագիծն է, որը իրականացվել է միջազգային ֆինանսավորման միջոցով։ Դրա իրականացման համար Միջազգային ֆինանսական կորպորացիան ներգրավել է 250 մլն դոլար։ Այդ գումարից 90 մլն դոլարը հատկացրել է Ասիական զարգացման բանկը, 90 մլն դոլարը՝ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկը, իսկ 70 մլնը՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան։