Թուրքիայում կալանավորվել է 11 սպա և 1 ենթասպա
ՄիջազգայինԹուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած կադրային զտումներն ու զանգվածային ձերբակալությունները լայն թափով շարունակվում են նաև զինված ուժերում։
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, այսօր Ուրֆայում կալանավորվել է թուրքական ԶՈՒ-ի 11 սպա և մեկ ենթասպա։
Նրանք մեղադրվում են հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու և տեղեկատվական աջակցություն ցույց տալու համար:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: