Իռլանդական ռազմանավը շուրջ 700 ներգաղթյալ է փրկել Լիբիայի ափերի մոտ
ՄիջազգայինԻռլանդական LÉ Eithne ռազմանավը Լիբիայի ափերի մոտ փրկել է 712 ներգաղթյալի, որոնց թվում եղել է 14 հղի կին և մինչև 4 ամսական 4 երեխա, գրում է РИА Новости-ն։
Փրկարարական գործողության ժամանակ ոչ ոք չի տուժել, 6 ներգաղթյալ եղել է անգիտակից վիճակում, սակայն նրանց հաջողվել է փրկել։ Ռազմանավի թիմի անդամները կտեղափոխեն գաղթականներին առավել ապահով վայր և կհանձնեն Իտալիայի իշխանություններին։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից մոտ 40 կմ հյուսիս-արևմուտք։
«Ես կարող եմ հպարտությամբ նշել, որ գործողության ընթացքում բոլոր ներգաղթյալների կյանքերը հաջողվել է փրկել, չկա ոչ մի մարդկային կորուստ», - լրատվամիջոցների հետ զրույցում ասել է հրամանատար Բրայան Ֆիցջերալդը։
2014 թվականից ծովային ճանապարհով Իտալիա է ժամանել մոտ 500 000 անօրինական ներգաղթյալ՝ գլխավորապես Հյուսիսային Աֆրիկայից, նրանցից շուրջ 200 000-ն ապաստան են գտել Իտալիայի տարբեր բնակավայրերում բացված հատուկ կենտրոններում։
Ներկա փուլում ԵՄ-ն փորձում է ճնշում գործադրել և ստիպել Լեհաստանին, Չեխիային և Հունգարիային ընդունել որոշակի քանակությամբ ներգաղթյալների։