Բահրեյնի ԱԳՆ-ն սպառնացել է Քաթարին «արտակարգ տարածաշրջանային միջամտությամբ»
ՄիջազգայինԲահրեյնի արտգործնախարար Խալիդ բին Ահմեդ ալ Խալիֆան սպառնացել է Քաթարին «արտակարգ տարածաշրջանային միջամտությամբ», եթե Դոհան չցանկանա հետևել տարածաշրջանի երկրների հետ պայմանավորվածություններին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քաթարը պետք է կա՛մ հավատարիմ մնա տարածաշրջանում գործող համակարգին և տարածաշրջանի երկրների հետ պաշտպանության մասին ընդհանուր պայմանավորվածություններին, կա՛մ նրան սպասվում է արտակարգ տարածաշրջանային միջամտություն»,- գրել է Ալ Խալիֆան Twitter-ի իր միկրոբլոգում:
Նրա խոսքով՝ Քաթարը գնացել է իրավիճակի ռազմական սրման՝ երկիր հրավիրելով օտարերկրյա զինվորականների հարևան երկրների հետ դիվանագիտական հակամարտության առաջացումից հետո:
«Քաթարի հետ կոնֆլիկտի հիմքը քաղաքական և անվտանգության հարթությունում է, այն չունի ռազմական բաղադրիչ, օտարերկրյա բանակների և զրահատեխնիկայի առկայությունը ռազմական սրացում է, որի համար պատասխանատվություն է կրում Քաթարը»,- գրել է նա իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ չորս արաբական երկիր՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը, Քաթարին է ուղարկել 13 պահանջից բաղկացած ցանկ՝ պահանջելով խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան, խզել բոլոր կապերը «Մուսուլման եղբայրների» հետ, ինչպես նաև փակել «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում վերանայել Քաթարում իր ռազմաբազայի տեղակայման հարցը, իսկ այն փակելու ցանկացած պահանջ կհամարվի Քաթարի հետ Անկարայի հարաբերություններին միջամտություն: