Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում
SocietyՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանի «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքում առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքին նվիրված նկարաշարը, որում պատկերված են Ցեղասպանությունից փրկված և անապատի բեդուինների միջավայրում ապրած հայերը: Պատկերագրքի շնորհանդեսն անցկացվեց հունիսի 26-ին ՀԲԸՄ դահլիճում:
«Այս լուսանկարներն ինձ փոխանցել է հեղինակի կինը՝ Վարդանուշ Պալեանը: Կան հրաշալի նկարներ, որոնք ոչ միայն փաստագրական նշանակություն ունեն, այլև գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում, խորհրդանշական իմաստ ունեցող լավ գործեր կան»,- նշեց Հրազդան Թոքմաջյանը:
Նրա խոսքով՝ ի սկզբանե պարզ էր, որ օրիգինալ նկարները տեղ են գտնելու ցեղասպանության թանգարանում, բայց պետք էր նաև հրատարակել դրանք, որ շատերը տեսնեն:
«Պատկերագիրքը երեք լեզվով է՝ հայերեն, անգլերեն, արաբերեն: Հայերենը պարտադիր պետք է լիներ, քանի որ մերն է, անգլերենը թույլ կտա այն հասանելի դարձնել միջազգային հարթակում, իսկ արաբերենը հնարավորություն կտա արաբներին հետաքրքրվել ու կարդալ արաբացած հայերի մասին»,-ընդգծեց Թոքմաջյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ասաց, որ մինչ պատկերագրքին ծանոթանալը իրեն հայտնի էին ցեղասպանությունից հետո փրկված բռնի հավատափոխ հայեր, ծպտյալ հայեր և աշխարհասփյուռ հայեր: «Պարզվեց, որ ունեցել ենք նաև բեդվին հայեր: Մենք ասես նոր հայացքով ենք ընկալում այն վիթխարի արհավիրքը, որը կախվեց մեր գլխին: Կարծում եմ՝ պետք է ետ դառնանք դեպի մեր ինքնությունը, մեր արմատները, հզորանանք ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր դեռ ուզում են ոչնչացնել մեզ»,-եզրափակեց Սրապիոնյանը:
Շնորհանդեսին ներկայացվեց կարճ տեսաֆիլմ-հարցազրույց, որտեղ Վարդուհի Պալեանը պատմում էր ցեղասպանություն ապրած իր նախնիների, ընտանիքի մասին: Հարցազրույցը 15 տարի առաջ իրականացրել է լրագրող, հեռուստահաղորդավար Արթուր Բախտամյանը:
Հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանը 1936-1958 թվականերին ապրել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքում, որտեղ էլ լուսանկարել է Ցեղասպանությունից ողջ մնացած հայերին:
Միջոցառումն անցկացվեց ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: