ԵՄ 3 երկրում ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 6 անձ է ձերբակալվել
ՄիջազգայինԵվրամիության երեք երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցների ձերբակալության հատուկ գործողություն է իրականացվել: Այդ մասին հայտնել է Իսպանիայի ՆԳՆ-ն, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Իսպանիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է վեց մարդ, նրանք կասկածվում են ԻՊ-ի հետ կապերի համար:
Նրանցից չորսը ձերբակալվել է խոշոր զբոսաշրջային կենտրոն համարվող իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում:
Իսպանիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ բոլորը եղել են մի խմբի անդամ: Նրանք գաղտնի հանդիպումներ են անցկացրել, որոնց ժամանակ երիտասարդներին ոգեշնչել են ծայրահեղական իսլամի գաղափարներով, համոզել են նրանց մեկնել ռազմական գործողությունների գոտի և գովաբանել են Եվրամիության երկրներում մահապարտների ահաբեկչությունները:
Բացի այդ, ձերբակալվածները զբաղվել են համացանցում քարոզչական նյութերի ստեղծմամբ և տարածմամբ: