Դավիթ Հարությունյանը ուրախ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգվում է
ՔաղաքականԱյսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հեղափոխություն անելու մասին հայտարարությանը, նշեց, որ տարիներ շարունակ խոսվել է հեղափոխության մասին:
«Տարիներ շարունակ թավշյա հեղափոխության մասին խոսողները ասում էին` վաղը, վաղը: Հիմա գոնե մի քանի ամիս հետաձգում են, դա ողջունելի է: Մեզ հետաքրքիր է լսել ընդդիմադիր գործիչների քննադատությունները, եթե դրանք կառուցողական են»,-ասաց նախարարը` հավելելով, որ, եթե խոսքը վերաբերում է հեղափոխությանը, ապա դրան համապատասխան արձագանք կա:
Ըստ նախարարի՝ հեղափոխության դեպքում յուրաքանչյուր պետությունում արձագանքը լինում է շատ կոշտ: Հարցին՝ ի՞նչ նկատի ունի` կոշտ արձագանք ասելով, Հարությունյանն արձագանքեց. «Ցանկացած հեղափոխություն, եթե խոսքը բռնի ուժով հեղափոխության մասին է, ենթադրում է, բնականաբար, ազդելու միջոցներ, որովհետեւ խոսքը վերաբերում է սովորական քրեական հանցագործությանը»:
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որ, եթե նախագահ մնա Ս. Սարգսյանը, ապա իրենք «թավշյա հեղափոխություն» կանեն, Դ. Հարությունյանը ընդգծեց, որ չի հասկանում ինչ է ասված թավշյա հեղափոխություն ասվածի տակ: