ՄԻՊ գրասենյակում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների մեծ մասը եղել են ոստիկանների դեմ
SocietyՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում 2016թ. մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների մեծ մասը եղել են ոստիկանների գործողություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Այն, որ բողոքների մեծ մասը ոստիկանների դեմ են, չի նշանակում, որ ոստիկաններն ամենաշատն են խախտում մարդու իրավունքները, սակայն դա վկայում է այն մասին, որ այստեղ մարդու իրավունքների խախտումների ռիսկն ավելի մեծ է»,- ասաց Թաթոյանը:
Նա հավելեց, որ ստիկանների դեմ բողոքների մեծ մասը կապված է այն դեպքերի հետ, երբ մարդը փողոցից տարվում է ոստիկանության բաժին, որովհետև հենց այդ փուլն է, որ վտանգավոր է անձի նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդման, ինչպես նաև հետագայում հնարավոր ապօրինի ազատազարկման կանխման տեսանկյունից:
«Դրա համար մենք նախապատրաստել ենք նախագիծ և արդեն պաշտոնական շրջանառության մեջ ենք դրել, որն ուղղված է փաստաբանների աշխատանքի ուժեղացմանը: Առաջարկում ենք նոր հանցակազմեր սահմանել, եթե դրանք հատուկ դրսևորվել են ազատազարկման վայր, քրեակատարողական հիմնարկ կամ մեկ այլ վայր փաստաբանների մուտքն արգելելով»,- եզրափակեց Թաթոյանը: