Ֆրանսահայ օպերային երգիչն այցելել է Սփյուռքի նախարարություն
ՀասարակությունՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 28-ին ընդունեց ֆրանսահայ օպերային երգիչ, Փարիզի Ռախմանինովի անվան ռուսական կոնսերվատորիայի դասախոս Ադամ Բարրոյին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց ֆրանսահայ մշակութային գործչի ակտիվ, ազգանպաստ գործունեությունը Սփյուռքում, հրավիրեց մասնակցելու այս տարի սեպտեմբերին անցկացվող՝ «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին և «Նաիրի» համահայկական փառատոնին:
Ադամ Բարրոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց իր առաջիկա ծրագրերի մասին, նշեց, որ ելույթի հրավեր ունի Պալերմոյի օպերային թատրոնից, նաև եծ համերգ է կազմակերպելու, որտեղ կհնչեն Կոմիտասի, Դեբյուսիի և Ֆալեի ստեղծագործությունները: Նպատակ ունի Ֆրանսիայում, Իտալիայում ներկայացնել Արցախը՝ «Արցախ հայկական հող» նախագծով: Երգիչը պատրաստակամություն հայտնեց մասնակցել նախարարության կազմակերպած մշակութային ծրագրերին:
«Սեպտեմբերին նպատակ ունեմ հանդես գալ «Ադամ Բարրոն և ընկերները» խորագրով մենահամերգով: Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս»,- հավելեց նա: