Լիբիայում առևանգված ՄԱԿ-ի աշխատակիցներին ազատ են արձակել
ՄիջազգայինԼիբիայում առևանգված ՄԱԿ-ի հատուկ առաքելության աշխատակիցներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով արաբական լրատվամիջոցին:
Թունիս ուղևորվող աշխատակիցները, որոնց թվում 4 տղամարդ և 2 կին է ընդգրկված եղել, առևանգվել է Էզ-Զավիա քաղաքում, որը մայրաքաղաք Տրիպոլիից գտնվում է 45 կմ հեռավորությամբ: Առևանգումն իրականացրել է այնտեղ գործող ռազմական խմբավորումներից մեկը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, նրանց ազատելու դիմաց առևանգողները պահանջում էին ազատ արձակել իրենց կողմնակիցներից ոմանց, որոնք կալանավորված էին երկրի մայրաքաղաքում:
Աղբյուրի տվյալներով` պատանդներից ոչ մեկը չի տուժել, և նրանց ազատ են արձակել տեղի ցեղախմբերի առաջնորդների բանակցություններից հետո` առանց նրանց պահանջը կատարելու: ՄԱԿ-ի աշխատակիցները ներկա պահին ուղևորվում են Տրիպոլի: