Շիրակում ստեղծվել է Քրիստոնյա առաջնորդների դպրոց
ՀասարակությունՇիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ Յոթ Վերք եկեղեցասեր երիտասարդաց միության և Սոցիալ-կրթական կենտրոնի ջանքերով ստեղծվել է «Քրիստոնյա առաջնորդների դպրոց»։
Դպրոցի նպատակն է նպաստել քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող հասարակության կերտմանը՝ քրիստոնեական արժեքների ու Հայ առաքելական եկեղեցու վարդապետության տարածման ու քրիստոնյա առաջնորդներ պատրաստելու միջոցով։
Ինչպես տեղեկացրեց ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը, ծրագիրը փորձնական է, տևելու է երեք ամիս, հաջող ավարտից հետո նախատեսվում է ընդլայնել աշխարհագրությունը և դպրոցներ հիմնել նաև հայաստանյայց մյուս թեմերում։
Ծրագրի ընթացքում իրականացվելու են ճամբարներ, ուխտագնացություն-զրույցներ տարբեր թեմերի քահանաների հետ, պատանիների անձնական որակների զարգացման մի շարք դասընթացներ. հաղորդակցության, ծրագրային, բանավեճային հմտություններ, ժամանակ և ժամանակի կառավարում, արդարություն և իրավունք, հռետորական արվեստ, էթիկա և այլն։
Ծրագրի շրջանակում ընտրվել են հիսուն մասնակից Գյումրիի մի քանի դպրոցներից։ Առաջիկայում իրականացվելու է հնգօրյա ճամբար Շիրակի մարզի Եղնաջուր համայնքում և այցելություններ Մայր Աթոռ, Օշական, Հառիճի վանական համալիր և ՀՀ ազգային Ժողով:
Արմենուհի Մխոյան