Հայաստանը եղել եւ վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը. Վալենտինա Մատվիենկո
ՔաղաքականՇարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ ԱրաԲաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Հուլիսի 17-ին պատվիրակությանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնությանխորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Նշենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հերմինե Նաղդալյանը:
Ողջունելով հյուրերին` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մակարդակը, երկու երկրների ղեկավարների կողմից վարվող քաղաքական երկխոսությունը: Տիկին Մատվիենկոյի խոսքով` երկու երկրների նախագահների հաճախակի հանդիպումները թույլ են տալիս լուծելու կոնկրետ խնդիրներ, երկու պետությունների սերտ համագործակցության արդյունքում մշակվում են նաեւ միջխորհրդարանական համագործակցության նոր սկզբունքներ:
Տիկին Մատվիենկոն կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ներկա մակարդակի պահպանումը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Ռուսաստանի ավանդական ջերմ ու բարեկամական կապերը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը եւ այս տարիների ընթացքում երկու երկրները դաշնակցային գործակցության որակական նոր մակարդակի են հասել:
Կողմերը քննարկել են միջխորհրդարանական պայմանագրերին, միջպետական ու միջկառավարական համաձայնագրերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: