Մոսուլը գրավելու ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ
ՄիջազգայինԱվելի քան 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման համար տարվող մարտերի ընթացքում, գրում է Independent-ը՝ վկայակոչելով քրդական հետախուզության տվյալները:
Նշվում է, որ քաղաքի բնակիչները դարձել են գրոհայինների, իրաքյան զորքերի, ինչպես նաև օդային հարվածների զոհ: Ինչպես պատմել է քուրդ քաղաքական գործիչ և Իրաքի նախկին արտգործնախարար Հոշիյար Զեբարին, շատ մարմիններ դեռ մնում են ավերակների տակ:
ԻՊ-ի գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է անցած տարվա հոկտեմբերին: Գործողությանը ներգրավված են եղել հատուկ նշանակության ջոկատները, դաշնային ոստիկանությունը, արագ արձագանքման ուժերը և Իրաքի բանակը: Օդից իրաքյան ուժերին աջակցություն է տրամադրել ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիացիան:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին անցած շաբաթ պաշտոնապես հայտարարել է ավելի քան երեք տարի գրոհայինների հսկողության տակ գտնվող Մոսուլում ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին: