ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչը նախագահ Մադուրոյին հրաժարականի կոչ է արել
International newsՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Իսայա Մեդինան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ: Մեդինան հայտարարել է, որ հեռանում է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ ի նշան Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է AP-ն:
Մեդինայի խոսքով՝ որոշել էր Վենեսուելայի կառավարության հետ կապերը խզել եւ պաշտոնաթող լինել այս տարվա ապրիլին պարտականությունները ստանձնելուց կարճ ժամանակ անց: Իր որոշման մասին նա տեղեկացրել է գրավոր եւ տեսանյութի միջոցով, որում կտրուկ քննադատության է ենթարկում Մադուրոյին: Նա հայտարարել է, որ այլեւս չի կարող հանդուրժել կառավարության գործողությունները, որը կողմ է հանդես գալիս մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց միաժամանակ խախտում է դրանք:
Վենեսուելայում նոր նախագահական ընտրությունների պահանջով անցկավող բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 90 մարդ է զոհվել: