Երուսաղեմում բողոքի ակցիաների ժամանակ պաղեստինցի է զոհվել, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են
ՄիջազգայինԱռնվազն մեկ պաղեստինցի է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են Երուսաղեմում, որտեղ բողոքի ակցիաներ են սկսվել Իսրայելի կողմից քաղաքի ամենակարևոր կրոնական սրբավայրերից մեկի՝ Տաճարի լեռան վրա սահմանված անվտանգության նոր միջոցների դեմ: Այդ մասին ահյտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պաղեստինական «Կարմիր կիսալուսնի» հաղորդագրությունը:
Արաբները զանգվածային աղոթքներ են կազմակերպել Երուսաղեմի փողոցներում՝ հրաժարվելով Տաճարի լեռան մզկիթների մոտ բարձրանալ անվտանգության նկատառումներով տեղադրված մետաղական դետեկտորների միջով և Որոշ հատվածներում բախումներ են սկսվել Իսրայելի ոստիկանության հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները հատուկ միջոցներ են կիրառել իրենց ուղղությամբ քարեր նետող ցուցարարների դեմ: Ցուցարարներին ցրելու գործում ներգրավվել է հեծյալ ոստիկանությունը, ինչպես նաև գործածվել են ջրցան մեքենաներ:
Իսրայելական ոստիկանությունը հայտնել է, որ տեղեկություն ունի բախումների շրջանից Երուսաղեմի հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներից մեկի մահվան մասին: Ոստիկանությունը հավելել է նաև, որ ցուցարարների հետ բախումներում վիրավորվել է ոստիկանության չորս աշխատակից:
Հայտնի է, որ անվտանգության միջոցների ուժեղացումը դարձել է անցած շաբաթ երկու իսրայելցի ոստիկանների սպանության արձագանքը: Երեք գրոհային, որոնք համարվում են իսրայելաբնակ արաբներ, Տաճարի լեռան տարածքն օգտագործել են հարձակման համար և փորձել այնտեղ թաքնվել հետապնդումից: