«Այլեւս ցանկություն չունեմ նկարահանվելու շարունակական նախագծերում». Մհեր Գեւորգյանը՝ «Երանի»-ում ունեցած հաջողության եւ նոր առաջարկների մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երիտասարդ դերասան Մհեր Գեւորգյանն արդեն հասցրել է նկարահանվել մի շարք գովազդային հոլովակներում եւ տեսահոլովակներում, սակայն հեռուստադիտողը նրան ճանաչեց «Երանի» հեռուստասերիալի շնորհիվ: Ինչո՞վ է զբաղված Մհերը սերիալի ավարտից հետո եւ, արդյոք ,առաջիկայում կվերադառնա՞ հեռուստաեթեր: NEWS.am STYLE-ը զրուցել է դերասանի հետ իր ձեռքբերումների եւ նորությունների մասին.
««Երանի»-ում նկարահանվելով, ծանոթացա շատ լավ մարդկանց հետ, որոնցից շատերի հետ մինչ օրս կապ կա: Ձեռք բերեցի շատ մեծ փորձ, ինչի համար շնորհակալ եմ ռեժիսորին, նկարահանող խմբին եւ, իհարկե, դերասաններին, որոնք իրենց խորհուրդներով օգնում էին ինձ: Եւ, իհարկե, այդ սերիալի շնորհիվ ես ձեռք բերեցի ճանաչում»,-ասում է Մհերը՝ հավելելով, որ այս ընթացքում էլ նկարահանման առաջարկ ստացել է, սակայն չի ընդունել.
«Չեմ համաձայնվել, քանի որ շոու-բիզնեսի ասպարեզն ինձ համար առաջնային չէ, իմ մասնագիտությունն այլ է: Առաջիկայում ինձ կարող եք տեսնել գովազդներում, տեսահոլովակներում եւ նմանատիպ նախագծերում, քանի որ այլեւս ցանկություն չունեմ նկարահանվելու շարունակական նախագծերում»:
Բացի նկարահանումներից՝ Մհերը զբաղվում է նաեւ սպորտով.
«Ճիշտ է՝ որոշ ժամանակով թողել եմ պարապմունքներս, բայց շուտով պլանավորում եմ վերսկսել դրանք: Նշեմ, որ զբաղվում եմ մարտեր առանց կանոնների սպորտաձեւով»,-ասում է նա:
Ինչ վերաբերում է այժմյան զբաղվածությանն ու ամառային հանգստին՝ Մհերը նշում է.
«Ամառային շոգ օրերն անցկացնում եմ ստոմատոլոգիական կենտրոնում աշխատելով: Այս տարի, ցավոք սրտի, չեմ ունենալու հանգիստ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Մհեր Գեւորգյանի Facebook-ի էջից