Ինչո՞ւ Մհերը չի մեկնելու հանգստի եւ ի՞նչ նորություններով է ներկայանալու առաջիկայում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ի տարբերություն շատերի՝ երգիչ Մհերն այս ամառ հանգստի չի մեկնելու: Սեպտեմբեր ամսին նա ծրագրում է երկրպագուներին ներկայանալ նոր տեսահոլովակով: Այս մասին երգիչը հայտնել է NEWS.am STYLE-ին՝ խոսելով նաեւ նոր երգի եւ առաջիկա ծրագրերի մասին.
«Այժմ զբաղված եմ նոր ստեղծագործության ձայնագրման աշխատանքներով: Այն կոչվում է «Ազատ, անկախ Արցախ»: Երգի հեղինակը Կարինե Գասպարյանն է. նա նաեւ հեղինակել է իմ՝ «Նոր տարի» երգը: Շատ լավ գործ է, որն անպայման պետք է հասցնենք ավարտին: Նոր նախագծեր ունենք նաեւ քրոջս՝ Ռոզայի հետ: Նա եւս պատրաստվում է մի քանի երգ ձայնագրել, կրկին կներկայանա տեսահոլովակով: Մի խոսքով՝ բացի միջազգային նախագծերից, աշխատում ենք նաեւ մեր ստեղծագործությունների վրա: Այսքանից հետո ինչպե՞ս հասցնեմ մեկնել հանգստի»,-կատակում է Մհերը:
Երգիչը վերջերս է վերադարձել Բելառուսից, որտեղ անցկացվում էր «Славянский базар» մանկական միջազգային մրցույթը, որի հաղթողը դարձել է Մհերի սանը՝ 11-ամյա Էրիկ Մկրտչյանը:
Խոսելով միջազգային մրցույթների եւ պատանի երգիչների հետ համագործակցության մասին՝ Մհերը նշեց.
«Կան շատ երեխաներ մեր «Դո Ռե Մի» քոլեջում, որոնց հետ աշխատում եմ, բայց մրցութային նախագծերի շուրջ առայժմ միայն Էրիկի հետ եմ համագործակցում»:
Ի դեպ, շուտով Էրիկը եւս երաժշտասերներին կներկայանա նոր տեսահոլովակով: Այն նկարահանվելու է պատանի երգչին հաղթանակ բերած «Հայրենիք» երգի հիման վրա, որի հեղինակներն Ավետ Բարսեղյանն ու Էդգար Գյանջումյանն են:
Սյունե Առաքելյան