Վարդավառի տոնին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջաններում. Երևանի քաղաքապետարան
Օրվա իրադարձություններՎարդավառի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել Ավանում և Աջափնյակում։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պայծառակերպության` Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները Ավան վարչական շրջանում մեկնարկել են Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագով:
Ավելի ուշ վարչական շրջանի Ընտանիքի, Իսահակյան, Դուրյան և Քուչակ թաղամասերի այգիներում կազմակերպվել են տոնին համահունչ միջոցառումներ, տոնական ռիթմերով ուղեկցվող ջրախաղեր:
Ջրային ուրախությանը մասնակից փոքրիկների տրամադրությունն էլ ավելի է բարձրացել, երբ նրանց են այցելել սիրված մուլտֆիլմերի հերոսները:
Աջափնյակ վարչական շրջանում վերջին տարիներին Վարդավառի տոնին նվիրված ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունենում «Արմենիա» բժշկական կենտրոնին հարող հիմնանորոգված ջրավազանի տարածքում: Այս անգամ ևս այստեղ էին հավաքվել ջրային զվարճանքի սիրահարները: Նրանց բոլորին բաժանվել են դույլեր, ջրային խաղալիքներ, իսկ ջրցան մեքենաների շքերթը զուգորդվել է ջրային խաղ - մրցույթներով:
Վարդավառյան բակային ջրառատ միջոցառումներ են կայացել նաև Աջափնյակ վարչական շրջանի այլ տարածքներում՝ 16-րդ թաղամասի 2-րդ շղթայում, Հալաբյան 21, 23 շենքերի բակերում և այլ հասցեներում:
Գործող եկեղեցիներ ունեցող մայրաքաղաքի վարչական շրջանների օրինակով Շենգավիթում նույնպես Վարդավառին նվիրված միջոցառումները մեկնարկել են Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով:
Այնուհետև, ջրցան մեքենաները, շքերթով անցնելով փողոցներով, վարդավառյան միջոցառումների համար ջուր են մատակարարել Շենգավիթի այգիներում, պուրակներում, բակերում և մարդաշատ վայրերում աշխույժ «ջրոցու» մասնակիցներին: