Երևանի հյուրերն ու զբոսաշրջիկները դարձան Վարդավառի ջրախաղերի աշխույժ մասնակիցներ
SocietyՀնագույն հայկական տոնի՝ Վարդավառի ուրախ ջրախաղերի մասնակիցներն են դարձել ոչ միայն երևանցինները, այլ նաև քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնին նվիրված Երևանի տարբեր հատվածներում տեղի ունեցած ուրախ միջոցառումների ականատեսներն էին զբոսաշրջիկները։ Բայց դա միայն սկզբում։ Կարճ ժամանակ անց նրանք դարձան ջրախաղերի աշխույժ մասնակիցներ:
Ամբողջովին թրջված, բայց բարձր տրամադրությամբ զբոսաշրջիկներին մայրաքաղաքի բնակիչները ներկայացրել են տոնի բուն խորհուրդը:
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնի առիթով համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճում և հարակից տարածքում:
Ուրախ միջոցառումն ուղեկցվել է դիջեյի մատուցած երաժշտությամբ, ինչի շնորհիվ Կարապի լիճը վերածվել էր ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի: Միջոցառման ընթացքում հրշեջ մեքենաները ջրամղիչ հզոր շիթերով ջուր են ցայել զվարճանքի մասնակիցների վրա, իսկ վերջիններս էլ ապահովված են եղել դույլերով:
Կարապի լճում անցկացված ջրային «խելահեղության» ակամա մասնակից են դարձել նաև պատահական անցորդներն ու մայրաքաղաքի հյուրերը: