Ռուսաստանը խորացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, բայց Հայաստանին շարունակում է պահել աքցանի մեջ. Գ. Մելիքյան
ՔաղաքականՌուսաստանը, որքան էլ խորացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ, միևնույն է՝ Հայաստանին շարունակելու է պահել աքցանի մեջ՝ իր շահերը այս տարածաշրջանում առաջ տանելու համար: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:
Ըստ նրա՝ նախագահների հանդիպման հիմնական քննարկման թեման եղել է Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով, նաև ներդրումային ֆոնի բարելավումը երկու երկրների միջև: Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությունը ընդգրկում է մի շարք ոլորտներ, այդ թվում ռազմաարդյունաբերությունը, տրանսպորտը, էներգետիկան, առևտուրը և այլն:
«Հայաստանի հետ, փաստացի, Ռուսաստանն ավելի շատ շեշտը դնում է քաղաքական, ռազմական համագործակցության վրա, մնացած բոլոր ոլորտներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ավելի սահմանափակ են, ի տարբերություն Ադրբեջանի, որն ուղիղ սահման ունի Ռուսաստանի հետ՝ և՛ ծովային, և՛ ցամաքային, և, բնականաբար, օգտվում է աշխարհաքաղաքական դիրքից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չափազանց շատ խորացնելու համար:»,- ասաց Մելիքյանը:
Որպես ՌԴ-Ադրբեջան համագործակցության խորացման ապացույց նա նաև ընդգծեց այն փաստը, որ Ռուսաստանը ներդրումային առումով լրջորեն ներգրավված է Ադրբեջանում: Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի կողմից Ռուսաստանում արվող ներդրումների մասին:
Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության խորացումը, Մելիքյանի խոսքով, Հայաստանի վրա ուղղակի անդրադարձ չի ունենա, բայց ազդեցությունը կարող է լինել այն, որ ՀՀ-ի ռազմավարական նշանակությունն ինչ-որ չափով նվազի, և որոշ հարցերում Ռուսաստանի համար Ադրբեջանը Հայաստանին փոխարինող լինի:
«Ոմանք կարող են սա դրական համարել այն իմաստով, որ ՌԴ-ից Հայաստանի կախվածությունը կնվազի, բայց կարծում եմ՝ անկախ այն բանից, թե Ռուսաստանը որքան է խորացնում հարաբերությունները Ադրբեջանի հետ, որ հարցերում է Ադրբեջանը որպես ՀՀ-ին փոխարինող համարում, միևնույն է Հայաստանին շարունակելու է պահել աքցանի մեջ՝ իր շահերը այս տարածաշրջանում առաջ տանելու համար»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր:
Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ Պուտին-Ալիև հանդիպմանը Ղարաբաղյան խնդիրը քննարկվել է որպես հարակից հարց, որպես խնդիր, որը մտահոգում է կողմերին, բայց հանդիպման առանցքային հարցը դա չի եղել:
«Ռուսաստան–Ադրբեջան հարաբերություններն այն աստիճանի խորքային են, որ այսօր Լեռնային Ղարաբաղի քննարկումը երկրորդական, երրորդական քննարկման թեմա է: Իհարկե, կոնկրետ հակամարտության լուծումը, ոչ թե զենքի մատակարարումը»,- նկատեց փորձագետը:
Ըստ Մելիքյանի՝ այժմ տարածաշրջանում և՛ քաղաքական, և՛ տնտեսական իմաստով վերադասավորումներ են սպասվում, և այս հանդիպմանը Ռուսաստանի համար շատ կարևոր էր ճշտել Ադրբեջանի դիրքորոշումները:
«Շատ լուրջ խորքային բաներ են կատարվում, տարածաշրջանային շատ լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում, մասնավորապես, Իրանի մասով, Սիրիա-Իրան-Քաթար եռանկյունին, գումարած Թուրքիան: Ռուսաստանը պետք է շատ կոնկրետ դիրքավորվի այս տարածաշրջանում: Ռուսաստանը պետք է հասկանա, թե Ադրբեջանն ինչ դիրք է գրավելու այս բոլոր զարգացումներում»,- շեշտեց նա: