Հայաստանը կունենա կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզ
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեց մարդածին և բնական աղետներին դիմակայուն ու պատրաստված հասարակություն և համայնքներ ձևավորելու հիմնախնդիրը:
Առաքելության հիմնական խնդիրներն են՝ օժանդակել Հայաստանում կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզի մշակմանը, որի հիման վրա կընտրվեն նպատակների իրականացման ձևերն ու եղանակները՝ Հայաստանի հեռանկարային զարգացման նոր ռազմավարական ծրագրի և այլ ոլորտային ռազմավարությունների համատեքստում։
Ճանապարհային քարտեզը պետք է սահմանի համակարգման առաջնահերթությունները, անհրաժեշտ տվյալներն ու մեխանիզմները և ինստիտուցիոնալ ու ոլորտային ղեկավարման հարցերը: Առաքելությունը նպատակ ունի նաև ուղղորդել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը տեղական մակարդակում դիմակայուն և կայուն զարգացող համայնքներ ձևավորելու գործընթացում:
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը՝ նշելով, որ դիմակայուն հասարակությունը նաև տնտեսության բոլոր ուղղությունների կայուն զարգացման գրավականն է:
Երկրում աշխատելու ընթացքում առաքելությունը կձգտի նպաստել հանրային իրազեկվածության մակարդակի, կարողությունների հզորացմանը, ինչպես նաև՝ շահագրգիռ կողմերին փոխանցել իր փորձառությունն ու քաղած դասերը»: