Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնը քայլեր է ձեռնարկում էկոկրթության զարգացման նպատակով
ՀասարակությունՍտորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի ու ՀՀ բնապահպանության նախարարության միջև կնքված հուշագրով՝ Հայաստանում կզարգացվի էկոկրթությունը: Կենտրոնն այդ նպատակով արդեն հանդիպում է ունեցել Սևանի ավագդպրոցականների հետ:
Հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավն իրականացնողները:
«ՀՀ բնապահպանության նախարարության հետ մեր համագործակցությունը հուլիսի 1-ից դրել ենք օրենսդրական հիմքի վրա: Մենք ունենք ընդհանուր շատ հետաքրքրություններ՝ հատկապես բնապահպանությունն ու էկոկրթությունը:
Ըստ հուշագրի՝ պետք է համագործակցենք հիմնականում 3 ուղղություններով՝ Հայաստանում ջրային ավազանների՝ մասնավորապես ստորջրյա հատվածի ուսումնասիրություն, տեղեկատվության տարածում ու փոխանակում և էկոկրթություն»,-ասաց կենտրոնի փոխնախագահ Արա Ավագյանը:
Կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանի խոսքով՝ քանի որ կենտրոնի նպատակներից մեկն էկոդաստիարակությունն է, Սևանի դպրոցներից մեկում նախապատրաստվեց և իրականացվեց հանդիպում՝ ավագ դասարանների դպրոցականների հետ:
«Հիմնական ասելիքը Սևանի էկոլոգիական խնդիրների մասին էր՝ ջրի որակի, կենդանական, բուսական աշխարհի և աղտոտվածության: Ներկա էին նաև 20-ից ավելի այլ մարդիկ, որոնք հետաքրքրված էին բնապահպանական խնդիրներով»,-ասաց Ստեփան Կոջայանն ու հավելեց, որ երիտասարդներն իսկապես շատ հետաքրքրված էին ու գոհ:
Արա Ավագյանի խոսքով՝ էկոդաստիարկության հարցում մեծ դեր կարող են ունենալ նաև իրենց հարուստ տեսա և լուսանկարչական նյութերը, գիտական հետազոտությունները: Նա կոչ արեց հեռուստաընկերություններին՝ նյութերի հիման վրա ստեղծել ֆիլմ, որը ճանաչողության համար էական նշանակություն կունենան: