Շվեդիան և Գերմանիան բողոքի նոտա են հղել Թուրքիային
ՄիջազգայինՇվեդիան և Գերմանիան բողոքի նոտա են հղել Թուրքիային այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթներ առաջ Ստամբուլի կղզիներում ձերբակալված մարդու իրավունքների պաշտպաններին անվանել է լրտեսներ։ Այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի կղզիներում ձեռնարկված հատուկ գործողության ընթացքում խմբակային կերպով ձերբակալվել են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջադեմ կազմակերպությունների մի շարք անդամներ: Զանգվածային ձերբակալությունը տեղի է ունեցել անսպասելի՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների կողմից Ստամբուլի կղզիներից մեկի հյուրանոցում հրավիրված հատուկ ժողովի ընթացքում:
Ձերբակալվածներից 8-ը Թուրքիայի, մեկը Շվեդիայի և մեկը Գերմանիայի քաղաքացիներ են:
Օրեր առաջ Էրդողանը, խոսելով Եվրամիության անդամ մի շարք երկրների մասին, ասել էր. «Դուք ինձ ու իմ նախարարներին հնարավորություն չեք տալիս այնտեղ ելույթ ունենալու, բայց ձեր լրտեսներին ուղարկում եք իմ երկիր, մեր կղզիներում, մեր հյուրանոցներում հավաքներ են անում»։
Շվեդիայի և Գերմանիայի ԱԳՆ-ները այս որակումներն անվանել են անընդունելի։
Գերմանիայի ԱԳՆ խոսնակը, մասնավորապես, շեշտել է, որ անհնար է հանդուրժել Էրդողանի նման պահվածքը։