Հրանուշ Հակոբյանը կարևորում է ՀՄԸՄ խաղերը երիտասարդության մոտ հայրենասիրություն սերմանելու համար
ՀասարակությունՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 27-ին հանդիպում ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակության հետ:
Նախարարը կարևորեց հուլիսի 20-29-ը անցկացվող ՀՄԸՄ խաղերը, քանզի դրանք երիտասարդներին սովորեցնում է լինել հայրենասեր, զարգացնում է նրանց մեջ պատասխանատվության և պատվի զգացում:
«Այդ երիտասարդների մեծ մասը առաջին անգամ է գալիս Հայաստան: Նրանք վերադառնալու են իրենց երկրներ և կիսվելու են տպավորություններով Հայաստանի մասին:Կարևորում եմ նաև այն, որ տարբեր երկրներից ժամանած երիտասարդները միմյանց հետ ծանոթանում և ընկերանում են»,- ասաց Հակոբյանը:
ՀՄԸՄ-ի հանձնախմբի պատասխանատու Մանուել Մարսելյանի խոսքով` այս տարվա խաղերին մասնակցել է 19 երկրներից ավելի քան 2 հազար մարդ:
«Երիտասարդներին հայրենիք բերելը մեր բուն նպատակն էր, ինչը նաև ամրապնդում է Սփյուռքի երիտասարդության կապը հայրենիքի հետ»,- ասաց Մարսելյանը: