Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը բարձր է գնահատում հայ փրկարարների պատրաստվածությունը
ՀասարակությունՇիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ հուլիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ներկա են գտնվել Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատին կից վարժահրապարակում անցկացվող վարժանքին: Միջոցառմանը ներկա էր Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Դեյվիդ Էթելը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնավարժությունն այս տարվա հուլիսին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից ՀՀ Շիրակի մարզի 6 հրշեջ-փրկարարական ջոկատների համար անցկացվող առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով դասընթացների տրամաբանական շարունակությունն է:
Սցենարի համաձայն՝ ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել էր Ախուրյանի բժշկական կենտրոնի լաբորատորիայի պատին, որտեղ վտանգավոր նյութեր կային: Բախման հետևանքով մեքենայում հրդեհ էր բռնկվել, շենքի պատը փլուզվել, կային «տուժածներ»:
Վարժանքի մասնակից հրշեջ-փրկարարներն, արագ սահմանազատելով տարածքը և սկսելով հրդեհաշիջման աշխատանքները, միաժամանակ վտանգավոր տարածքից դուրս բերեցին պայմանական տուժածներին, նրանց ցուցաբերեցին անհրաժեշտ բուժօգնություն և իրականացրեցին վարակազերծում: