«Ելքն» ընդդիմության անվիճելի լիդեր դառնալու խնդիր ունի. Կարեն Քոչարյան
ՔաղաքականՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը սիրում է անակնկալներ, և չի բացառվում այլ թեկնածուի առաջադրումը վարչապետի աթոռի համար, սակայն, ըստ նրա՝ գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ ինքն է լինելու: ORER.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քոչարյանը:
Հարցին՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե խորհրդարանական երկիր դառնալու դեպքում չի առաջադրվի որպես վարչապետ, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ քաղաքականության մեջ փոխվել է իրադրությունը: Կարեն Քոչարյանը համոզմունք ունի՝ 2014թ-ին Սերժ Սարգսյանը համոզված է եղել, որ չի առաջադրվելու։
«Ինչ-որ բաներ են փոխվել, ենթադրենք, չի գտել այն մարդուն կամ իր համար պարզել է, որ չի կարող, սա չի այն մարդը։ Ինքը ժամանակ է ձգում: Ո՞վ էր խնդրում իրեն 2014թ.-ին նման հայտարարություն անել, էլի կարող էր փոխել և չասել, իմաստը ո՞րն էր»։
Բանախոսը ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը որպես վարչապետի թեկնածու դիտարկել է և՛ Արմեն Սարգսյանին, և՛ Կարեն Կարապետյանին: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ փողոցային պայքար սկսելու հայտարարություններին, Կարեն Քոչարյանը նշեց. ««Ելքն» ընդդիմության անվիճելի լիդեր դառնալու խնդիր ունի: Այդ ձևով փորձում են ձևավորել իրենց քաղաքական օրակարգը»: