Շարմազանովը կեղծ օրակարգ է համարում ՀՀ-ում կառավարության ձևավորման գործընթացն իշխանափոխության օրակարգ ներկայացնելը
ՔաղաքականՀանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հետընտրական զարգացումների կամ որևէ դժգոհության կարիք չկա: Այս մասին նա ասաց ՀՀԿ այսօրվա ԳՄ նիստից հետո։
«Ապրիլյան Կառավարության ձևավորումը փորձել ներկայացնել որպես իշխանափոխություն կամ իշխանության նոր ձևավորման օրակարգ՝ կեղծ է: Մինչև 2022 թվականը իշխանությունն ու ընդդիմությունն ընտրություններով ձևավորված են և, կարծում եմ, որ հիմնական ընդդիմադիր խաղացողներն այսօր պառլամենտում են: Այն, որ մի քանի ուժեր կարող են հավաքվել, իրենց դժգոհությունը հայտնել, միտինգ անել՝ իրենց սահմանադրական իրավունքն է»,- ORER.am-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով ապագա վարչապետի և Կարեն Կարապետյանի փոխարինման թեմային՝ ՀՀԿ խոսնակն ասաց. «Դուք արդեն որոշե՞լ եք, որ փոխարինում ենք: Ինչ կորոշի քաղաքական մեծամասնությունն ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում, ես անկեղծորեն չեմ կարող ասել: Մենք այդ հարցը չենք քննարկել»: